Ղազախստանի նախագահը դիմել է Փաշինյանին և ԵԱՏՄ ղեկավարներին
2026 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Անցնող տարին հոբելյանական էր Եվրասիական տնտեսական միության համար: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում:
«Վստահորեն թևակոխել ենք մեր ինտեգրացիոն միավորման զարգացման երկրորդ տասնամյակը: Չնայած վերջին տարիների գլոբալ ցնցումներին՝ մեր պետությունները տնտեսական դրական դինամիկա են դրսևորում:
Առաջիկա ժամանակահատվածի մեր ընդհանուր խնդիրն է բարձրացնել ինտեգրման արդյունավետությունը, ամրապնդել ԵԱՏՄ-ի ներուժն ու պահանջվածությունը: 2026 թվականից սկսվում է «Եվրասիական տնտեսական ուղի»՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը: Այս ռազմավարական փաստաթղթում նշված նպատակներին ու խնդիրներին առաջնահերթ ուշադրություն կդարձվի:
Տնտեսական ինտեգրումը կարևոր գործիք է, որը կոչված է ապահովելու ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շոշափելի արդյունքներ՝ նոր արտադրությունների և ժամանակակից աշխատատեղերի ստեղծում, առաջատար տեխնոլոգիաների ներդրում, ազատ առևտրային միջավայրի ձևավորում:
Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր է առավելագույնս նպաստել նշված օրակարգում ներառված խնդիրների կատարմանը:
Վստահ եմ, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել դրված նպատակներին՝ միաժամանակ ապահովելով ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների դինամիկ զարգացումն ու մեր ինտեգրացիոն միավորման ընդհանուր ներուժի ամրապնդումը»,- նշված է ուղերձում:
