Սենսացիան իշխանության լրբությունն է… Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պրոքսի» պատերազմի գործիք. Ռուսաստանը զգուշացնում է. Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռն ու իշխանությունը պահելու համաձայնել է Հայաստանը դարձնել Արևմուտքի վարկաբեկված ուժերի սատելիտը։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ ավելի մեծ սենսացիա է Փաշինյանի կողմից «դրսից տղա բերելը» և Հայաստանը «պրոքսի» պատերազմի գործիք դարձնելը, քան թե ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ արտաքին միջամտության դեմ պայքարում աջակցելու խնդրանքով։

«Դուք նախ սենսացիոն համարե՛ք Հայաստանի իշխանության լրբությունը։ Ներեցեք, ավելի հարմար բառ չգտա։ Դրսից տղա բերելու և Հայաստանը «պրոքսի» պատերազմի գործիք դարձնելու այլանդակությունը։ Սա սենսացիոն համարեք։ Իսկ Կայա Կալասը եվրոբյուրոկրատ եվրոֆաշիստ է, որը ոչ մի կապ չունի ո՛չ դեմոկրատիայի, ո՛չ լիբերալիզմի հետ։ Նրանց միակ դարդուցավը հնարավոր բոլոր նախաձեռնություններով իրենց սատելիտ իշխանություններին հետխորհրդային տարածքում պահելը և Ռուսաստանի համար պրոբլեմներ ստեղծելն է։

Նրանք ինչ անում են՝ խիստ հասկանալի է։ Այդ եվրոբյուրոկրատիան, որ եվրոպական-արևմտյան լուսավորչական արժեքների հետ որևէ կապ չունի, իր միակ կենսունակությունը ապահովում է Ռուսաստանին դեմոնիզացնելով, մեզ էլ սարքում են «պրոքսի» պատերազմի գործիք, Նիկոլ Փաշինյանն էլ սեփական աթոռը պահելու համար համաձայնել է Արևմուտքում վարկաբեկված այդ ուժերի սատելիտը դարձնել Հայաստանը»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Կարդացեք նաև

Նաև ընդգծեց, որ Եվրոպայի ներկայիս էլիտան որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. «Հիմա արևմտյան էլիտաներն իրենց ամբողջովին նույնացրել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունների համար՝ քաղկալանավորներ, ծեծ, ռեպրեսիաներ ընդդիմության դեմ, նաև ավանսով, ասում են՝ գնա, ընտրություն կեղծի, վերարտադրվի։ Մոլդովական մոդելի մասին բացահայտ են խոսում։ Նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության քավորը Բրյուսելում նստած Կալասներն ու փալասներն են, և մեր ժողովրդին ուղիղ պիտի ասենք, որ եվրոպական այսօրվա էլիտան որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ»։

Քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը՝ TRIPP-ը, ըստ էության աշխարհաքաղաքական ծրագիր է, որը նպաստելու է աշխարհաքաղաքական շահերի բախմանը և չի կարող ինստիտուցիոնալ խաղաղության երաշխիք լինել։

Անդրադառնալով TRIPP-ի մասին Իրանի և Ռուսաստանի՝ տարածաշրջանային երկու ազդեցիկ դերակատարների հայտնած գրեթե համաժամանակյա դիրքորշումներին այս շաբաթվա ընթացքում՝ քաղաքագետն արձանագրում է, որ TRIPP-ն ամբողջությամբ հակաիրանական նախագիծ է, բայց քանի որ վերջին շրջանի զարգացումների բերումով «Իրանի շուրջ օղակը սեղմված է», և Իրանը միայնակ չի կարող դիմակայել արևմտյան նախագծերին, ապա բնական է, որ այս հարցում Ռուսաստանի հետ համաձայեցված պիտի գործի։

«Եթե ընդհանուր առմամբ ի մի բերենք օգոստոսի 8-ից ի վեր պաշտոնական Թեհրանի դիրքորոշումները, ապա պաշտոնական Երևանից նրանց լսած բացատրություններն ակնհայտորեն համոզիչ չեն եղել Իրանի համար, իսկ ՌԴ ԱԳՆ-ի հայտնած դիրքորոշումը նման է զգուշացման, որ առանց Ռուսաստանի մասնակցության այդ նախագիծը իրականություն դառնալու հավանականություն չունի»,- մեկնաբանում է քաղաքագետը։

Սուրենյանցի խոսքով՝ Ռուսաստանը հասկացնում է. «Եթե մեզ հետ չհամաձայնեցնեք, շահերի բախում է առաջանալու»։

«TRIPP-ը ոչ թե ռազմավարական բալանս է բերել տարածաշրջան, այլ ընդհակառակը՝ աշխարհաքաղաքական ռիսկ է առաջացրել։ Կալուգինի հայտարարությունն այդ մասին է։ Ասում է՝ եթե մեր շահերն անտեսեք, բախման ռիսկ է առաջանալու»,- հավելում է Սուրեն Սուրենյանցը։

Բայց նաև շեշտում է՝ TRIPP-ի գործնականացման հարցում պետք չէ շտապել կանխատեսումներ անել. «Ես չգիտեմ՝ ԱՄՆ երկարաժամկետ հետաքրքրությունների մեջ դա կմնա՞, թե՞ աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության դեպքում կամ Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց հետո այդ ծրագիրը կկորցնի կենսունակությունը։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք TRIPP-ը կդառնա՞ իրականություն, թե՞ փորձագիտական խոսակցությունների շրջանակում այս պատմությունը կվերջանա։ Ակնհայտորեն TRIPP-ի, ԱՄՆ ռեգիոնալ հետաքրքրությունների և ազգային անվտանգության նոր ռազմավարության միջև որոշակի կոնտրաստ կա։

Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալու ցանկություն և խնդիր իր օրակարգում չունի։ TRIPP-ը Հայաստանի շահերից չի բխում, TRIPP-ը հակաիրանական պրոյեկտ է իր էությամբ։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ամերիկա-ադրբեջանական գործարք՝ հիմնականում ուղղված Իրանի դեմ, իսկ այդ գործարքում Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ ԱՄՆ նախագահը նույնիսկ Հայաստանը չի ճանաչում, էլ ուր մնաց՝ այնպիսի շահեր փնտրի այստեղ, որ դառնա մեր անվտանգության երաշխավորը»։

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղու» և, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ի տերմինների շուրջ բանավեճին, և, որ ավելի կարևոր է՝ TRIPP-ի էությանն ու բովանդակությանը, քաղաքագետն ընդգծում է՝ TRIPP-ը ձևական առումով «միջանցք» չի կոչվելու, բայց ունենալու է միջանցքային գործառույթ։

Դեկտեմբերի 15-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կովկասի վերաբերյալ, այսպես կոչված՝ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը, հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։

Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը TRIPP-ի առնչությամբ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և դրանում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, թե 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «հայերն» օգնություն են խնդրել Եվրամիությունից.

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս