Կառավարությունը ո՞ր գյուղերն է հայտարարել զբոսաշրջային գյուղեր․ ցուցակում նաև «խաղաղության խորհրդանիշ» Կիրանցն է
Գործադիրը հերթական նիստում ընդունել է «Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին» որոշում՝ զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացմամբ պայմանավորված:
«Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։
Զբոսաշրջային ենթակառուցվածքների՝ տրանսպորտային ծառայությունների, ճանապարհների որակի, կացության ծառայությունների ոչ բավարար վիճակի մասին փաստում է նաև ՀՏՖ կողմից հրապարակված 2024 թվականի «Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ցուցիչ»-ում «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի դիրքը (84-րդը)։ Նշված ենթաինդեքսում Հայաստանը, ի թիվս այլ երկրների, զիջում է տարածաշրջանի երկրներին՝ Թուրքիային (31-րդը), Վրաստանին (50-րդը), Ադրբեջանին (55-րդը) և Իրանին (77-րդը)»,- առկա խնդիրների մասին նշվում է հիմնավորման մեջ։
Եվ ըստ ներկայացված հիմնավորման նաև՝ նոր որոշման նպատակը տնտեսական զարգացում ապահովելն է, մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաև՝ ավանդույթների հանրահռչակումն ու պահպանումը, Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջի բարձրացումը համաշխարհային շուկայում։
Նախագիծը մշակվել էր Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից և բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից:
Այսպիսով, Կառավարությունը զբոսաշրջային գյուղեր է հայտարարել․
Արագածոտնի մարզի՝ Բյուրական, Ոսկեվազ, Օշական, Ալագյազ, Սաղմոսավան,Եղիպատրուշ, Գեղաձոր գյուղերը,
Արարատի մարզի՝ Հնաբերդ, Լանջազատ, Ուրցաձոր , Ղուկասավան, Լուսառատ,
Արմավիրի մարզի՝ Տարոնիկ, Առատաշեն, Վանանդ, Բաղրամյան, Արաքս գյուղերը,
Գեղարքունիքի մարզի՝ Ծաղկունք, Կալավան, Հայրավանք, Նորատուզ, Լճաշեն, Արտանիշ գյուղերը,
Լոռու մարզի՝ Դսեղ, Դեբեդ, Հաղպատ, Սանահին, Օձուն, Ֆիոլետովո, Գյուլագարակ, Մեծավան,
Կոտայքի մարզի՝ Գառնի, Լեռնանիստ, Բջնի, Արզական, Թեղենիք գյուղերը,
Շիրակի մարզի՝ Ջաջուռ, Վահրամաբերդ, Վարդագյուղ, Սառնաղբյուր, Ամասիա,
Սյունիքի մարզի՝ Տաթև, Խնձորեսկ, Քարահունջ, Աղիտու, Տեղ գյուղերը,
Վայոց ձորի մարզի՝ Գնդեվազ, Հերհեր, Արտավան, Գոմք, Գլաձոր համայնքները,
Տավուշի մարզի՝ Ենոքավան, Գոշ, Հաղարծին, Աղավնավանք, Կողբ, Չինչին և Կիրանց գյուղերը։
Ի դեպ, դեռևս հոկտեմբերին Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր նախագիծը, որտեղ ամեն մարզից 5-6 գյուղ էր ներկայացվել, և․ օրինակ, այդ տարբերակում չկային Չինչինը, Կիրանցը։
