Խոսել «Միաժամանակ երկու տնտեսական միություններում մասնակցելու հնարավորության մասին»՝ նշանակում է անտեսել տնտեսական իրավունքի տարրական տրամաբանությունը. Հայկ Ֆարմանյան
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ «Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է……» թեզին՝ հետևյալ արձանագրումներով. «Նախ` շատ կարևոր ճշմարտություն. Եվրամիությունը ընդհանրապես չի սկսում անդամակցության բանակցություններ այն երկրների հետ, որոնց արտահանման առնվազն 40%-ը չի ուղղվում ԵՄ շուկա։ Սա ոչ թե «քաղաքական տրամադրություն է», այլ կոշտ տնտեսական չափանիշ` շուկայի ինտեգրման, փոխկախվածության և մատակարարման շղթաների համադրելիության համար։
Հայաստանի ներկա կառուցվածքով, մենք այդ շեմին նույնիսկ մոտ չենք (Դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվում է ՀՀ արտահանման ընդամենը 4,7%-ը)։ Այսպիսով, խոսել ԵՄ անդամակցության մասին ` առանց արտահանման կառուցվածքային փոփոխության, պարզապես ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է։
Երկրորդ` խոսել «Միաժամանակ երկու տնտեսական միություններում մասնակցելու հնարավորության մասին»՝ նշանակում է անտեսել տնտեսական իրավունքի տարրական տրամաբանությունը.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ենթադրում են ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ և պարտադիր միասնական նորմեր։ Երկու արմատապես տարբեր բլոկներում լինելը նույնքան անհնար է, որքան միաժամանակ երկու անձնագրով երկու բանակում ծառայելը։
Այսպիսի բան գոյություն չունի։ Վերջիվերջո պետք է ընտրություն կատարել։
Կա՛մ Հայաստանը գաղափարական մթագնումով քանդում է իր տնտեսական հիմքերը,
Կա՛մ սթափ ռազմավարությամբ, շարունակում է այն ուղղությամբ, որը արդեն տվել է իրական տնտեսական արդյունք` միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի և այլ երկրների հետ այնքան, որքան դա իրականում հնարավոր է` ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԿԵՂԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ…»։
