Բաժիններ՝

Գազայի հատվածում հրադադարն անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների. Եգիպտոսի ԱԳ նախարար

Գազայի հատվածում հրադադարն անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների։

Այս մասին Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին։

«Մենք պետք է շատ անկեղծ լինենք։ Առանց ամերիկացիների անհնար կլիներ Գազայում հրադադարի հասնելը։ Նախագահ Թրամփի և ԱՄՆ վարչակազմի հանձնառությունը չափազանց կարևոր է, նույնիսկ կենսական նշանակություն ունի հրադադարի պահպանման և Գազա մարդասիրական օգնության մատակարարման գործընթացը շարունակելու համար»,- նշել է նախարարը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Գազայում զինաթափումը վերահսկող ավելի բարձր մարմնի անհրաժեշտությունը։

Նախարարի խոսքով՝ անկլավի անվտանգության ապահովման համար Եգիպտոսն այժմ մարզում է մինչև 5000 պաղեստինցիների, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Գազայում։

«Մենք ներկայում համագործակցում ենք գերմանացիների և այլ եվրոպացիների հետ, այդ թվում՝ պաղեստինցիներին լրացուցիչ մարզումներ առաջարկելու համար։ Եթե մեզ հաջողվի նրանց մարզել, մենք կկարողանանք տեղակայել 10000 պաղեստինցիների, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության և իրավապահ մարմինների համար»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ին հաջող զինաթափման համար անհրաժեշտ է Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ Թրամփի հանձնառությունը։

«Կան տարբեր մոտեցումներ, թե ինչպես կարելի է զինաթափումը գործնականում իրականացնել», – պարզաբանել է նախարարն՝ ավելացնելով, որ այժմ ուշադրության կենտրոնում է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը։

«Մենք ունենք Հյուսիսային Իռլանդիայի մոդելը, որը շատ հաջող էր: Մեզ անհրաժեշտ է պաղեստինյան կամ արաբա-իսլամական հովանոցային կազմակերպություն՝ զինաթափումը վերահսկելու և համակարգելու համար: Սա բոլոր զինված խմբավորումները կմիավորի մեկ օրինական իշխանության ներքո, որպեսզի պաղեստինյան վարչական կոմիտեն կարողանա սկսել իր աշխատանքը և հոգ տանել Գազայի պաղեստինցիների հիմնական կարիքների մասին,- նշել է նա:

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումն Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Չնայած հոկտեմբերի 10-ին հրադադարն ուժի մեջ է մտել՝ կողմերը միմյանց մեղադրում են այն խախտելու մեջ։ Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը նահանջել են այսպես կոչված «Դեղին գիծ»՝ պահպանելով անկլավի տարածքի ավելի քան 50%-ի վերահսկողությունը։ Դեկտեմբերի 8-ի դրությամբ, անկլավում մնում է 2023 թվականին զոհված մեկ իսրայելցի զինվորի մարմինը։

Axios ամերիկյան պորտալի տվյալներով՝ Թրամփը նախատեսում է մինչև դեկտեմբերի 25-ը հայտարարել Գազայի հատվածի խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս