Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի հետ քննարկել է ընտրությունների անցկացման ուղիները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանի հետ քննարկել է ընտրությունների անցկացման հնարավորության հետ կապված իրավական և այլ հարցեր ու կոչ է արել այլ երկրներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, ճնշում չգործադրել այս հարցի շուրջ։
Զելենսկին այդ մասին հայտնել է իր տեսաուղերձի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ հիմնավոր քննարկում է ունեցել խորհրդարանի անդամների հետ՝ հավելելով, որ թույլ չի տա ոչ մի շահարկում Ուկրաինայի դեմ։
«Եթե գործընկերները, այդ թվում՝ մեր հիմնական գործընկերը Վաշինգտոնում, այդքան շատ և այդքան կոնկրետ խոսում են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների, ռազմական դրության պայմաններում ընտրությունների մասին, ապա մենք պետք է իրավական ուկրաինական պատասխաններ տանք յուրաքանչյուր հարցի և յուրաքանչյուր կասկածի», – նշել է նա։
«Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ անկասկած անհրաժեշտ չէ։ Ես ակնկալում եմ, որ խորհրդարանի անդամները կներկայացնեն իրենց տեսակետները։ Անվտանգության մարտահրավերները կախված են գործընկերներից, առաջին հերթին՝ Ամերիկայից։ Քաղաքական և իրավական մարտահրավերներին պետք է պատասխան տա Ուկրաինան։ Եվ դրանք կլինեն», – ասել է Զելենսկին։
Զելենսկին վերջին օրերին հայտարարել էր, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել երեք ամսվա ընթացքում, եթե ԱՄՆ-ը և Կիևի մյուս դաշնակիցները կարողանան ապահովել քվեարկության անվտանգությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինայի կառավարությունն օգտագործում է պատերազմը որպես պատրվակ՝ ընտրություններից խուսափելու համար։ Նա շեշտել էր ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունը։
