Գոհար Մանուկյանի պատճառով 25-ամյա երիտասարդ մահացավ. Միքայել Սրբազանին կալանքի սանկցիա տված Մելիքսեթյանն այս դեպքում կալանք չի կիրառել. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանի լուսանկարը՝ կից գրառմամբ. «Սա Արմինե Մելիքսեթյանն է, ով կալանքի սանկցիա տվեց ու դատապարտեց առողջական ծանր խնդիրներ ունեցող Միքայել սրբազանին՝ մերժելով տնային կալանքը, մերժելով նաեւ գրավը։

Հիշո՞ւմ եք չէ օրերս Երեւանի կենտրոնում, ըստ Շամշյան․com-ի, Tesla-ի՝ ոչ սթափ վիճակում գտնվող, վարորդական իրավունք չունեցող 29-ամյա աղջիկը դուրս էր հանդիպակած ուղի, բախվել մեկ այլ մեքենայի, ինչի արդյունքում տեղում մահացել էր 25-ամյա երիտասարդ։
Tesla-ի վարորդը, ըստ նույն լրատվամիջոցի, Երեւանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանն էր, որին սկզբում քննիչը որոշել էր ձերբակալել ու կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան, բայց Միքայել Սրբազանին կալանքի սանկցիա տված Արմինե Մելիքսեթյանն այս դեպքում կալանք չի կիրառել, այլ տվել է տնային կալանք ու 10 մլն դրամ գրավ։
Հիշեցնեմ՝ խայտառակ ոչ սթափ վիճակում գտնվող Գոհար Մանուկյանի պատճառով 25-ամյա երիտասարդ մահացավ։
Հը, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք»։
Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանությունների բաժնում տեղադրել է վթարի տեսանյութը:
