Ղազախստանի խորհրդարանը հաստատել է «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքը
Ղազախստանի Մաջիլիսը (խորհրդարանի ստորին պալատ) հաստատել է երկրում «մանկապղծության և ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն» արգելող օրենսդրական փոփոխությունները։
Փոփոխությունները վերաբերում են ինը օրենքի, որոնց թվում՝ երեխաների իրավունքների, գովազդի, հաղորդակցության, մշակույթի, կրթության, կինոյի, լրատվամիջոցների և առցանց հարթակների վերաբերյալ օրենքները։
«ԼԳԲՏ քարոզչության» տարածումը հանրային վայրերում, լրատվամիջոցներում և համացանցում կպատժվի վարչական տույժերով՝ մինչև 40-ապատիկ նվազագույն հաշվարկված ցուցանիշով (մոտավորապես 157 հազար տենգե կամ 114449,10 դրամ) կամ մինչև տասը օր կալանքով։
Օրենքի ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատի Սենատը և ստորագրի Ղազախստանի նախագահը։
Իշխող «Ամանատ» կուսակցության պատգամավոր Էլնուր Բեյսենբաևը հայտարարել է, որ ընդունված փոփոխությունները նպատակ ունեն երեխաներին և դեռահասներին պաշտպանելու բացասական բովանդակությունից և չեն խախտում ԼԳԲՏ անձանց իրավունքները։
«Խոսքը ԼԳԲՏ համայնքին պատկանող անձանց արգելելու կամ բացառելու մասին չէ։ Ոչ ոք չի սահմանափակում նրանց անձնական սահմանները։ Ներկայացված կանոնակարգերը սահմանում են նման տեղեկատվության հրապարակային տարածման սահմաններ, ինչը համապատասխանում է միջազգային ընդունված պրակտիկային», – ասել է նա։
Ղազախստանում «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրինագիծն արդեն քննադատության է արժանացել բազմաթիվ մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից։ Օրինակ՝ Human Rights Watch-ը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները և կարող են հանգեցնել Ղազախստանում ԼԳԲՏ անձանց ավելի մեծ խոցելիությանը։

