
Ռուս-վրացական սահմանին մնացած 65 ուկրաինացի վերադարձել է Ուկրաինա

Ռուս-վրացական սահմանին մնացած 65 ուկրաինացի վերադարձել է Ուկրաինա։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի, նրանց թվում կա 10 կին և ութ ծանր հիվանդ։
Ըստ գերատեսչության հայտարարության, նրանք բոլորը փաստացի գտնվում էին Ռուսաստանի գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ապահովել է Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխումը «Դարիալի» անցակետից Թբիլիսիի միջազգային օդանավակայան, որտեղ նրանց հանձնել են Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Վերջիններս, իրենց հերթին, ապահովել են Ուկրաինայի քաղաքացիների տեղավորումն օդանավում և ուղեկցումը չարթերային չվերթի ընթացքում։
Նախորդ ամիսներին, ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի, կազմակերպվել է ևս 44 քաղաքացու վերադարձ։ Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ռուս-վրացական սահմանից Ուկրաինա է հաջողվել վերադարձնել ընդհանուր առմամբ109 մարդու։
Ռուսաստանը վերջին երկու տարիներին Վրաստանի հետ սահման է ուղարկում Ուկրաինայի արտաքսված քաղաքացիների, հիմնականում՝ ռուսաստանյան բանտերից ազատվածների, սակայն հունիսի կեսերից արտաքսվածների հոսքերը կտրուկ ավելացել են։
Ուկրաինական կողմը հրապարակայնորեն դիմել է Մոսկվային՝ նրանց ուղղակիորեն Ուկրաինայի սահման ուղարկելու խնդրանքով։
Ըստ չհաստատված տվյալների, այս պահին Վրաստանի հետ սահմանին մնում է ավելի քան 20 մարդ։