
Չինաստանը չի կարող լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. Զելենսկի

Ուկրաինան Չինաստանին չի դիտարկում որպես պատերազմից հետո անվտանգության հնարավոր երաշխավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Նախ՝ Չինաստանը մեզ չօգնեց դադարեցնել այս պատերազմը հենց սկզբից։ Երկրորդ՝ Չինաստանն օգնեց Ռուսաստանին՝ բացելով անօդաչու թռչող սարքերի շուկան»,- պարզաբանել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ Չինաստանը Բուդապեշտի հուշագրի ստորագրող կողմերից էր, բայց որևէ քայլ չի ձեռնարկել, երբ «Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը»։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ իր երկրին անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ միայն այն պետություններից, որոնք պատրաստ են իրականում օգնել և արդեն իսկ աջակցություն են ցուցաբերել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներին, սակայն Չինաստանի մասնակցությամբ։