Զելենսկին պատերազմական վիճակում գտնվող երկրում ընտրություններ անցկացնելն առաջնահերթություն չի համարում

Ընտրությունների թեմայի քննարկումն Ուկրաինային ոչինչ չի տալիս։ Պատերազմի ժամանակ քաղաքական քննարկումներ չպետք է լինեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն կայացած լինեին։ Որպեսզի փակենք այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի վեճերից, քաղաքական կոչերից և այլն», – ասել է Զելենսկին։

Նախագահը շեշտել է, որ իր գերակա խնդիրը մնում է պատերազմի ավարտը, այլ ոչ թե ներքին քաղաքական քննարկումները։

«Գլխավորն այն է, որ նրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ պառակտեն պետությունը։ Սա միակ խնդրանքն է բոլոր ցանկացողներին», – նշել է նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից անվնտանգության երաշխիքների դիմաց, Զելենսկին պատասխանել է, որ ԱՄՆ քաղաքականությունն այս հարցում չի փոխվել։

«ԱՄՆ քաղաքականությունն այն է, որ Ուկրաինան չընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Դա այդպես էր նաև նախագահ Թրամփից առաջ: Այս հարցում նորություն չկա: Նրանք հստակ են այս հարցում: Եվ հստակ աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը: Սրանք նրանց երկու դիրքորոշումներն են», – նշել է նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ազդանշանը հստակ է. Ռուսաստանն իրավունք չունի վետո դնել Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Սա դաշնակիցների որոշումն է, և մենք այստեղ ունենք ընդհանուր տեսլական», – եզրափակել է Զելենսկին։2022 թվականի աշնանը Ուկրաինան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար։

Դաշինքը նշել է, որ Կիևն ունի անդամակցության հեռանկար, սակայն պատերազմի ժամանակ այդ գործընթացը անհնար է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նման հեռանկարն անհավանական է անվանել։

Տեսանյութեր

Լրահոս