
Հնարավո՞ր է` սահմանազատման ընթացքում փոխադարձաբար տարածք փոխանակվի․ Փաշինյանի պատասխանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։
«Ե՛վ Ադրբեջանն ունի, և՛ մենք ունենք, և, իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է հենց այս քարտեզներով։ Հետագա սահմանազատումն էլ պետք է իրականացվի այդ քարտեզներով, և այդ համատեքստում խնդիրը պետք է լուծվի։ Եթե կլինի հանկարծ մտադրություն, ցանկություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն։ Այսինքն՝ քառակուսի կմ-ը փոխել մեկ այլ քառակուսի կմ-ի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք և դիմենք ժողովրդին, թե որքանով է ժողովուրդը համաձայն նման լուծումների հետ»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո երբ է ադրբեջանական զինուժը դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքից։
Փաշինյանը հիշեցրեց օրեր առաջ իր ուղերձում արած հայտարարությունը, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ-ը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս պայմանավորվել են, որ սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։
Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ փոխադարձաբար կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման ընթացքում»,– ասաց Փաշինյանը։