
ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում գերի է վերցրել «Իսլամական պետության» բարձրաստիճան անդամի

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան օգոստոսի 20-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գերի է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորման բարձրաստիճան անդամի։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ տղամարդը «Իսլամական պետություն» խմբավորման գերագույն առաջնորդն է։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Իրաքի քաղաքացի և «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատար Աբու Հաֆս ալ-Քուրայշին ձերբակալվել է լուսաբացից առաջ իրականացված գործողության ժամանակ, որի ընթացքում ուղղաթիռները վայրէջք են կատարել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ատմեհ քաղաքում։ Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ գործողության ընթացքում մեկ իրաքցի քաղաքացի էլ սպանվել է։
ԱՄՆ զինվորականները չեն արձագանքել Associated Press-ին մեկնաբանություն տալու խնդրանքին։
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ գերեվարված տղամարդու հետ ֆրանսախոս կին է եղել, և անմիջես պարզ չէ՝ նրան տարել են ԱՄՆ ուժերը, թե սիրիական անվտանգության ուժերը, որոնք ավելի ուշ շրջափակել են տարածքը։
Երկու տարի առաջ «Իսլամական պետություն»-ը հայտարարել էր, որ Աբու Հաֆս ալ-Հաշեմի ալ-Քուրայշի անունով տղամարդը նշանակվել է կազմակերպության նոր առաջնորդի պաշտոնին՝ թուրքական իշխանությունների կողմից նրա նախորդի սպանությունից անմիջապես հետո։
Ալ-Քուրայշի անունը ԻՊ առաջնորդների իրական անունը չէ, այլ ծագում է Քուրայշից՝ այն ցեղի անունից, որին պատկանում էր Մուհամեդ մարգարեն: ԻՊ-ն պնդում է, որ իր առաջնորդները ծագում են այդ ցեղից, և «ալ-Քուրայշի» անունը նրանց ռազմական կեղծանվան մասն է կազմում: