
Վատիկան, Ժնև, Ստամբուլ, Սաուդյան Արաբիա. Զելենսկու գրասենյակը նշել է՝ Պուտին-Թրամփ-Զելենսկի հնարավոր հանդիպման հավանական վայրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը և Սաուդյան Արաբիան անվանել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավոր վայրեր։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որի մասին նույնպես խոսվել է վերջին օրերին, ֆավորիտ չէ։
Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Երմակը պնդել է, որ նախ նախատեսվում են Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ, ապա անմիջապես եռակողմ գագաթնաժողով Թրամփի հետ։
«Մենք դեռ չգիտենք որտեղ դա տեղի կունենա: Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա: Բուդապեշտը, իհարկե, հիշատակվել է 1994 թվականի չկատարված համաձայնագրի համատեքստում, բայց այս վայրը նախընտրելի չէ», – ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան որպես հանդիպման վայր չի քննարկվել։
Երմակը նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է ներգրավվել կարգավորման գործընթացում։ «Այս պահին Պեկինը չի մասնակցում բանակցությունների նախապատրաստմանը, բայց ես հույս ունեմ, որ դա շուտով տեղի կունենա», – նշել է նա։
Երմակի խոսքով՝ տարածքների հարցը կքննարկեն միայն առաջնորդները։ Նա ընդունել է, որ ուկրաինական զորքերը ի վիճակի չեն վերադարձնել կորցրած շրջանները։
«Մենք պետք է բանակցենք՝ հիմնվելով ներկայիս շփման գծի վրա, մենք հաշվի ենք առնում ներկայիս իրողությունները և կքննարկենք դա», – ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը՝ կրկնելով, որ Ուկրաինան չի մտադիրվում հրաժարվել իր տարածքներից։