Բաժիններ՝

Ավարտական քննություններում մի քանի առարկաների մասով իրականացվել են փոփոխություններ. Սվաջյան

Ավարտական քննություններում մի քանի առարկաների մասով իրականացվել են որոշ փոփոխություններ: Տավուշի մարզում արդեն երկու տարի իրականացվում է նոր չափորոշչով ավարտական քննությունների փորձարկում։

Այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին:

«Չորրորդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Մայիս ամսին անցկացվում է միասնական թեստ, որը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը»։ Սվաջյանի խոսքով՝ այս մեթոդով գնահատվում են տարրական դպրոցի աշակերտների ուսումնառության արդյունքները։

Փոփոխություններ են կատարվել նաև 9-րդ դասարանի քննությունների ձևաչափում։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական  (ԲՏՃՄ) առարկաներից աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու՝ անցկացնել թեստային քննություն, թե ներկայացնել նախագծային աշխատանք։ Տավուշում փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ տարեցտարի մեծանում է այն սովորողների թիվը, ովքեր նախընտրում են նախագծային աշխատանքով մասնակցել քննությանը»,-ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանն ավելացրեց, որ 9-րդ դասարանում նոր ձևաչափ է ներդրվել նաև «Պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների համար։ Աշակերտները գրում են էսսե, որտեղ փորձում են կապել պատմական իրադարձությունները և գրական ստեղծագործություններում արտացոլված իրավիճակները՝ դրսևորելով վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։

Նախարարի տեղակալի խոսքով՝ երկու տարվա ընթացքում Տավուշում կատարվել է մեծածավալ աշխատանք, իսկ այս տարվա արդյունքներն ու էսսեների որակը զգալիորեն տարբերվում են նախորդ տարվանից։ Նոր ուսումնական տարում նախատեսվում է հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցիչների և աշակերտների հետ լայնածավալ պատրաստական աշխատանքներ կազմակերպել՝ էսսե գրելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ։

«Մյուս բոլոր առարկաների քննությունները 9-րդ և 12-րդ դասարաններում պահպանվել են նախորդ ձևաչափով, սակայն առաջադրանքների բնույթը որոշ չափով փոխվել է՝ ներառելով գործնական կարողությունները և հմտությունները ստուգող առաջադրանքներ»,-ասաց նա:

Սվաջյանը նշեց, որ 12-րդ դասարանի քննությունները, բացառությամբ Տավուշի մարզի, այս տարի կանցկացվեն հին ձևաչափով, քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ամբողջությամբ չի ներդրվել։ Հաջորդ տարվանից, չափորոշչի ներդրման հետ մեկտեղ, այդ քննությունները նույնպես  կկազմակերպվեն նոր ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս