
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի օրակարգում են լինելու Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այդ հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գորոծողությունների դեմ ձեռնարկվելիք քայլերը:
Քննարկվելու են նաև տարածաշրջանում հրադադարի և կայունության հաստատմանը, ինչպես նաև Գազա հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքին առնչվող հարցեր:
Օրակարգից դուրս չի մնալու նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը:
Զուգահեռ նշվում է, որ Անկարան գոհ է խաղաղության հարցում գրանցված առաջընթացի համար:
Թուրքիայի կառավարության նիստում անդրադարձ է կատարվելու նաև Սիրիայում տիրող իրավիճակին, քննարկվելու են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի դամասկոսյան շփումները:
Գնահատականներ են տրվելու նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված դիվանագիտական զարգացումներն ու գործողությունները:
Օրակարգային հարցերից Է նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» հայեցակարգը:
Գնահատականներ են տրվելու Թուրքիայի խորհրդարանում վերջերս ստեղծված «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության» հանձնաժողովի աշխատանքներին ևս:
Վերլուծվելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների զինաթափման շուրջ տիրող իրավիճակը՝ դրանց վերաբերյալ առկա զինվորական և հետախուզական զեկույցների դիտարկմամբ: