
Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլևս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

«ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցեղասպանության մեղսակից և մասնակից է նա, ով հրամայել է, կատարել է կամ վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության և Հայաստան պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայության երաշխավորված տունդարձի ու ժառանգության պաշտպանության:
Մինսկի խմբի լուծարումը և որևէ փոխադարձությունից զերծ ինքնիշխան միջանցքի քողարկված տրամադրումն էլ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման և Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման, նույնպես նշանակում են ուղիղ համապատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ծանր ոճրագործությունների համար:
Նախընտրելի է՝ ավելի հակիրճ: Ալիևի և Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է, վրադիր էլ Միրզոյանն ու մյուսները, ովքեր հայ ժողովրդի ցեղասպանության եւ դրա շարունակման համար հաշվետու են միջազգային արդարադատության, հայրենի օրենքի և Աստծո առջև:
Ե՛վ դու, և՛ դու… ձեզ պահեք ձեր չարորակ բառակույտերը և «քրիստոնյաների» հետապնդման թեմայով ձեր երեսպաշտ դիմումը:
Պատրանքային խաղաղության դրոշը, հիմա նաև թուղթը պարզած՝ դուք, մանր բռնապետներ, ուղեցուցում եք երկրին ու ազգին դեպի պարտադրված նոր պատերազմ և պարտություն, մինչ ձեր իսկական կուռք հանդիսացող մեծ բռնապետները գործում են դեպի հաղթանակի ամբողջացում եւ ամրագրում:
Միևնույնն է՝ դիմացը Թրամփն է, Պուտինը, Բրյուսելը կամ պարսից թագավորը՝ ամեն մեկն իր շահով և օրակարգով, բոլորը պետք է հարգեն այսօր անգամ ծնկի եկած Հայաստանն ու իր օրինակարգ իրավունքը, որովհետև վաղը հառնելու է:
Լրահոսած մնացյալը՝ խոսքը, գիրը, քայլը, երդումը, մինչևիսկ ուրիշից գողացված «Ապագան այսօր է» կարգախոսը, առոչինչ են:
Ժամանակն է՝ համազգային զորաշարժով, համապետական լիազորությամբ, սահմանադրական իրավատիրությամբ շարժվելու, նման մարդկանց մուրճերն ու մանգաղները պատմության պահարան վերադարձնելու համար:
Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլևս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
11 օգոստոսի 2025
Երևան»