Բաժիններ՝

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու ծրագրերը և մնացած պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հենց նոր զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ՝ պատերազմը ավարտին հասցնելու, պատանդներին ազատ արձակելու և ՀԱՄԱՍ-ի պարտությանը նպաստելու նպատակով»,- ասվում է X-ում Նեթանյահուի գրասենյակի գրառման մեջ։

Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին պատերազմի սկզբից ի վեր Իսրայելին ցուցաբերած աջակցության համար։

Օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ, մինչև այն լիովին չոչնչացվի։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61430 հազարի, վիրավորվել է 153213 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս