Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը 2024 թվականին գերազանցել են 1,3 տրիլիոն դոլարը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2024 թվականին պաշտպանության համար ծախսել են ավելի քան 1,3 տրիլիոն դոլար՝ 123 միլիարդ դոլարով ավելի, քան 2023 թվականին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վերլուծելով Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան հաշվետվությունը։

Կազմակերպության երկրների ռազմական ծախսերը 2024 թվականին կազմել են ռեկորդային 1,303 տրիլիոն դոլար, որից 818 միլիարդ դոլարը (64%) բաժին է ընկել Միացյալ Նահանգներին։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների և Կանադայի բաժինը կազմել է 468 միլիարդ դոլար:

Այդ ցուցանիշը 19,4%-ով ավելի է 2023 թվականի համեմատությամբ: Հաշվարկը կատարվել է 2021 թվականի փոխարժեքով:2023 թվականին դաշինքի պաշտպանական ծախսերը գերազանցել են 1,180 տրիլիոն դոլարը։ 2024 թվականին այդ ցուցանիշն աճել է 123 միլիարդ դոլարով։

Վերջին 10 տարվա ընթացքում, ինչպես նշվում է հաշվետվությունում, ՆԱՏՕ-ի անդամների միագումար ռազմական ծախսերն ավելացել են 700 միլիարդ դոլարով։

ՆԱՏՕ-ն 2014 թվականին խնդիր է դրել դաշինքի բոլոր երկրների ռազմական ծախսերը 10 տարվա ընթացքում հասցնել մինչև ՀՆԱ-ի 2%-ին։ Ինչպես նշված է զեկույցում, այդ խնդիրը կատարել են կազմակերպության 32 անդամներից 22-ը։ Ինչպես սպասվում է, հունիսի վերջին Հաագայում կայանալիք գագաթնաժողովում, կսահմանվի ռազմական ծախսերի նոր նշաձող, որը կարող է հասնել 5%-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս