
Խառնաշփոթը` հավաքականում և կազմակերպված ֆուտբոլի ակնկալիքները. Վրաստան-Հայաստան

Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին` Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Թիմերի առաջին խաղում Վրաստանը հաղթել էր 3:0 հաշվով:
Անցյալ տարի Վրաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում, որտեղ կարողացավ անմիջապես դուրս գալ փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում թիմը ծանր պարտություն կրեց Իսպանիայից (1:4), սակայն ելույթը դեռ կարելի է առավել քան հաջող համարել։ Ազգերի լիգայում վրացիներն իրենց ելույթները սկսեցին Չեխիայի (4:1) և Ալբանիայի (1:0) նկատմամբ տարած հաղթանակներով, սակայն դրանից հետո չորս խաղում կարողացան միայն մեկ միավոր վաստակել։ Արդյունքում թիմը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով Ուկրաինային և միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Ալբանիայից։ B լիգայի ուղեգիրը պահպանելու համար Հայաստանի հետ դիմակայությունում տանտերերը համարվում էին ֆավորիտ և հաստատեցին իրենց կարգավիճակը՝ առաջին խաղում հաղթելով 3։0 հաշվով։
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը և վրացիների ավագ Խվիչա Կվարացխելիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան պատասխան խաղից:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վինի Սանյոլը, մասնավորապես, ասաց. «Նրանք անելու են ամեն ինչ, ինչի ունակ են: Խաղալու են նրանք, ովքեր բացակայում էին նախորդ խաղին: Մոտիվացիայի պակաս չեն ունենալու: Թեպետ մենք հաղթել ենք նախորդ խաղում 3:0 հաշվով, սակայն ձգտելու ենք լավագույն խաղը ցույց տալ մեր իսկ երկրպագուների առաջ: Նպատակ ունենք շաբաթն ավարտել դրական նոտայով»:
Անդրադառնալով Երևանում կայացած խաղի մթնոլորտին` մարզիչն այն որակեց կատարյալ:
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Խվիչա Կվարացխելիան ասաց, որ թեպետ անձամբ չի ճանաչում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթրայանին, ում դեմ խաղացել է դեռևս «Նապոլի»-ում խաղալու տարիներին, սակայն գիտի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին:
«Լիահույս եմ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կշարունակի աճ գրանցել ապագայում ևս»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականը շատ վատ հանդես եկավ Ազգերի լիգայի ընթացիկ առաջնությունում, սակայն հայտնվեց երկրորդ տեղում: Թիմը Ֆարերյան կղզիների հետ երկու խաղում վաստակել է ընդամենը մեկ միավոր (2:2, 0:1) և երբեք միավորներ չի վերցրել Հյուսիսային Մակեդոնիայից (0:2, 0:2), սակայն Լատվիայի հետ խաղում կարողացել է վաստակել բոլոր վեց միավորները (4:1, 2:1), որը Հայաստանի հավաքականին դուրս է բերել երկրորդ տեղ:
«Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը:
Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում:
«Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա:
Հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը խաղից առաջ նշել է, որ իրենք առավելագույն կերպով պատրաստվել էին առաջին խաղին, բայց ինչ-որ բան չստացվեց:
«Այս հանդիպմանը նույնպես պատրաստվելու ենք, քանի որ եկել ենք այստեղ՝ սխալներն ուղղելու, և խաղադաշտում առավելագույնը անելու համար, որ հասնենք դրական արդյունքի։
Կարծում եմ, որ այո, Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուները շատ էին մեր մարզադաշտում, բայց այս հանդիպմանը ես վստահ եմ, որ մեր երկրպագուները նույնպես կլինեն մարզադաշտում, քանի որ առաջին անգամ չէ, որ նրանք երկրպագում են հավաքականին։ Հավաքականն էլ, իր հերթին, ամեն ինչ կանի՝ երկրպագուներին ուրախացնելու համար։
Դա մարզչի որոշումն է եղել և ես լսել եմ նրա որոշումը։ Ինձ համար ամենակարևորն է հավաքականի կազմում լինելն ու արդյունքը։ Որքան էլ ունենամ նեղվածություն, հավաքականի կողքին եմ և նրա մի մասնիկն եմ։ Ունեմ փորձ խաղալու ձախ եզրում, քանի որ նախորդ մարզչի գլխավորությամբ խաղացել եմ հենց այդ եզրում։ Ինձ ավելի հարմար է աջ եզրում խաղալը, սակայն մարզիչը վստահեց ձախ եզրում՝ ես պատրաստ եմ։ Մարզումները կարճ են եղել, դեռ չենք փորձարկել։
Ամեն ինչ անցյալում է, մենք վաղը շատ կարևոր հանդիպում ունենք։ Բոլոր ֆուտբոլիստների կենտրոնացվածությունը խաղադաշտ դուրս գալու, և առավելագույնն անելու վրա է»։
Հավաքականում, ի դեպ, շարունակվում է խառնաշփոթը: Ջոն վան ‘տ Սխիպը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Ռանոսը տեղ է խնդրել մեկնարկային կազմում, հակառակ դեպքում կհեռանա թիմից։
Սխիպը չի երաշխավորել, որ նա տեղ կունանա մեկնարկային կազմում, և Ռանոսը հեռացել է թիմից։
«Ուզում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ կապված։
Հրանտ-Լեոն Ռանոսը լքել է Հայաստանի հավաքականը։ Նա խոսեց ինձ հետ ու տեղ խնդրեց մեկնարկային կազմում, այլապես կհեռանա ազգային թիմից։
Երբեք իմ մարզչական կարիերայում չեմ հանդիպել այնպիսի վերաբերմունքի, երբ ֆուտբոլիստը որոշի՝ մեկնարկում լինի՞, թե՞ ոչ։ Նա ընդամենը մի քանի րոպե է խաղացել Երկրորդ Բունդեսլիգայում։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ նա չի լինի մեկնարկում, և որ նա մեզ հետ չի լինի»,- ասուլիսում ասաց Ջոն վան ‘տ Սխիպը։
Այս մարզական հավաքից առաջ հավաքականին միանալ հրաժարվել էր նաև Սարգիս Ադամյանը: