Բաժիններ՝

Եվրոպական երկրները քննարկում են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. Financial Times

Եվրոպական մի շարք երկրներ ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի և մայրցամաքի պաշտպանության ֆինանսավորման հիմնական պատասխանատվությունը ստանձնելու շուրջ: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Եվրոպայի խոշորագույն ռազմական տերությունները պլաններ են մշակում մայրցամաքի պաշտպանության համար ԱՄՆ-ից ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար», – գրում է հրատարակությունը։

Չորս եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ քննարկումներին մասնակցող երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հյուսիսային Եվրոպայի երկրները:

Ըստ թերթի զրուցակիցների՝ այս երկրները մտադիր են «պլան մշակել ֆինանսական և ռազմական բեռը եվրոպական մայրաքաղաքների վրա փոխադրելու վերաբերյալ և այն Միացյալ Նահանգներին ներկայացնել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովի նախաշեմին»։

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ առաջարկը ներառելու է Եվրոպայում պաշտպանական ծախսերն ավելացնելու և ռազմական կարողությունները հզորացնելու հաստատուն պարտավորություններ։

Երկրները փորձելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել համաձայնել լիազորությունների աստիճանական փոխանցմանը: Ենթադրվում է, որ պլանը նախագծվելու է 5-10 տարվա համար։

Հրատարակությունը նշում է, որ բանակցությունները փորձ են՝ խուսափելու քաոսից, որը կարող է առաջացնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը։

Ամերիկյան նոր վարչակազմը քանիցս հայտարարել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի պաշտպանության համար:

Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար և սպառնացել թուլացնել դաշինքը կամ դուրս գալ դրանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս