Բաժիններ՝

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել

Փետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված պոլիէթիլենային երկու փաթեթ:

Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն էլ աճեցրել, մշակել և պատրաստել է անձամբ օգտագործելու համար:

Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

***
Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի` Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանը կից մառանում հայտնաբերվեց չորացված-մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ, նաև` առաստաղից կախված կանեփանման ճյուղեր` մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։

Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
***
Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին: Այս դեպքում ևս նախաձեռնվեց քրեական վարույթ, և իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ:

Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի և ծխախոտի մեկական տուփ՝ լցված կանեփանման չոր զանգվածներով, նաև` նույն պարունակութամբ պարկ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաև ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ և հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել և պատրաստել` անձնական օգտագործման համար։
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
***
Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։
Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն: Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։

Ըստ տանտիրոջ` կրիստալն իրենն է, ձեռք է բերել «Տելեգրամ» ալիքի միջոցով` անձնական օգտագործման համար։
***
Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ: Առավոտյան ժամը 6.10-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում, ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա և Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների և վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն:

19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փայլաթիթեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ, նաև` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։
Ըստ երիտասարդի` հայտնաբերվածները թմրանյութ են: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում շարունակելով համատեղ միջոցառումները` քրեական և համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմարամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երտասարդ։

Մարտի 11-ին կատարված զննությամբ դեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաև «Օպել» մակնիշի մեքենայում, որը ըստ նախնական տվյալի, նույնպես պատկանում է 19-ամյա արմավիրցուն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս