Բաժիններ՝

Դատարանը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի նախագահի կալանքը

Հարավային Կորեայի դատարանը իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու հրաման է տվել։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Փետրվարին նախկին Յուն Սոկ Յոլի փաստաբանները համապատասխան դիմում էին ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել է, որ կալանավորումն անօրինական է եղել։

Նախագահի փաստաբան Սոկ Դոն Հյոնը պարզաբանել է, որ նա ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազությունը բողոքարկելու հնարավորություն ունի։

«Չնայած կալանքը չեղարկելու դատարանի որոշմանը, ազատ արձակումն անմիջապես տեղի չի ունենա: Կենտրոնական շրջանի դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկել: Նա ազատ կարձակվի, եթե նրանք հրաժարվեն բողոքարկումից կամ ժամանակին չօգտվեն այդ իրավունքից», – հայտարարել է փաստաբանը։

Հունվարի 15-ին Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը նախագահ Յուն Սոկ Յոլին Սեուլի նրա նստավայրում ձերբակալել էր ռազմական դրություն սահմանելու պատճառով սահմանադրական կարգի դեմ խռովության գործով։

Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը որոշում էր կայացրել կալանավորել պետության ղեկավարին։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։

Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս