Տղաներ ջան, դուք թյուրիմացության մեջ եք. սա անբարոյականության գագաթնակետն է. Շարմազանով

ՀՀԿ-ն ունի ներքին քաղաքական մեկ օրակարգ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։ Դրանից բացի այլ օրակարգ չունի։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վերջին օրերին իրենց կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև սկսված վեճին։

«Եթե քեզ վրա հետևողականորեն ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասել, որ ոչինչ չի կատարվում։ ՀՀԿ-ն առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է զրո ամբիցիա սկզբունքով` ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ ՀՀԿ–ն ու անձնապես ես մշտապես եղել ենք այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, որոնք դրա կարիքն ունեցել են` լինի ՀՀ 2–րդ նախագահը, թե փողոցային սովորական ակտիվիստ։ ՀՀԿ-ն երբեք վերմակն իր վրա չի քաշել»,- ընդգծեց նա։

Ինչպես հայտնել ենք, մարտի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր, որ պետք է արձանագրել ընդդիմադիր ուժերի տարանջատումը և գործել ամեն մեկն իր պատկերացրած ձևով։

Շարմազանովը զարմանքով և ափսոսանքով է արձանագրում Վարդանյանի վերջին հայտարարությունները։

«Ես կարծում էի` մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի են, որ նման հարցեր կարող էր հնչեցնել աղուհացի կամ սուրճի սեղանի շուրջ իմ կամ իր աշխատասենյակում, կամ նույնիսկ հեռախոսազանգով։ Այս թեման ՀՀԿ-ն չի սկսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակում որոշում է կայացվել տարանջատվել ընդդիմադիր ՀՀԿ–ից։

Լավ եք անում, սակայն ինչո՞ւ եք դա ներկայացնում որպես ՀՀԿ-ի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզ։ Մյուս կողմից էլ` այդ ե՞րբ ենք միահյուսված եղել, որ հիմա էլ տարանջատվենք»,- հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս