Բաժիններ՝

Կրեմլում Մինսկը լավագույն վայրն են համարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների համար

Կրեմլում հայտարարել են, որ Մինսկը լավագույն վայրն է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ բանակցությունների համար, ինչպես առաջարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Այդ հարցը չի բարձրացվել և ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է: Դա մեր գլխավոր դաշնակիցն է, ուստի այն բանակցությունների լավագույն վայր է», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Բելառուսի ղեկավարի առաջարկության վերաբերյալ լրագրողների հարցին:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում այն կարծիքն էր հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում։ Նա Բելառուսի մայրաքաղաք էր հրավիրել Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիին, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին։

«Ցանկանում եք՝ եկեք: Ահա կողքն է. Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է: Կես ժամ՝ ինքնաթիռով: Եկեք: Ահա այստեղ կնստենք: Հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավոցների համաձայնության կգանք: Ուստի փոխանցեք Թրամփին. ես նրան այստեղ սպասում եմ Պուտինի և Զելենսկիի հետ: Կնստենք և հանգիստ համաձայնության կգանք: Եթե դուք ցանկանում եք համաձայնության գալ», – հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս