
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի մոտեցումները

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը մարտի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հայ ժողովրդին բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության ցուցաբերման համար։
«Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, բանաձևերի ընդունումն ու մի շարք նախաձեռնությունները»,-նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի միջև քաղաքաշինության, տրանսպորտի, աղբահանության, ֆրանկոֆոնիայի ոլորտներում ընթացող արդյունավետ համագործակցությանը։
«Ընդգծվել է այդ գործակցության ընդլայնման ու ինստիտուցիոնալ բնույթով շարունակելու կարևորությունը»,-հայտնել է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր ու Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի հանձնառությունը՝ շարունակելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանն ուղղված գործունեությունը:
«Դեսպանը Խաչատրյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի մոտեցումները, անդրադարձել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման հրատապ խնդրին»,-ասված է հաղորդագրության մեջ։