
Ուկրաինայում հայտնել են, որ Զելենսկին նամակ չի հղել Թրամփին

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը: Այս մասին հաղորդում է «Լիգա» պարբերականը։
«Արդեն իսկ դժվարին իրավիճակում, այնուամենայնիվ, առաջ ենք շարժվում, հարաբերություններ վերակառուցում և առաջ ենք տանում մեր առաջնահերթությունները։
Նախագահ Դոնալդ Թրամփն ազգին հղած իր ուղերձում ընթերցել է մեր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրառումը և ասել. «Ես գնահատում եմ, որ նա գրել է այս նամակը», – նշել է դեսպանը։
Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն իր հերթին «Լիգա»-ին հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի կողմից որևէ «նամակ» չի եղել, և Թրամփը խոսել է X սոցիալական ցանցում արված գրառման մասին։
Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև՝ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն «զորեղ ազդանշաններ» է ստացել Ռուսաստանից խաղաղությանը պատրաստակամ լինելու մասին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զելենսկիից ստացել է նամակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ նախագահը նամակի համար շնորհակալություն է հայտնել Զելենսկիին։Հաղորդագրությունը, որի մասին ասել է Թրամփը, Զելենսկիի գրառումն է X-ում, որտեղ նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։
Նա շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ Ուկրաինան անվերջանալի պատերազմ չի ցանկանում։
«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ տևական խաղաղության հասնելու համար», – գրել էր Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է «ցանկացած ժամանակ և ցանկացած ձևաչափով» ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որը քայլ է «դեպի ավելի մեծ անվտանգություն և ամուր անվտանգության երաշխիքներ»։