Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորած պատվիրակությունները Պեկինում քաղաքական խուրհրդակցություններ են անցկացրել:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական,  գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։  Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս