
Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո Ազգային անվտանգության աշխատակազմին կարգադրել է ստուգել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է Wall Street Journal թերթը:
Ավելի վաղ Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային ռազմական օգնության բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած վեճից հետո:
«Վիճահարույց հանդիպումից կարճ ժամանակ անց Թրամփը կարգադրել է Ազգային անվտանգության ոլորտի բարձրաստիճան աշխատակիցներին ստուգել, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես կամ ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային սպառազինության ընթացիկ մատակարարումները», – ասվում է նյութում, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյային:
Ինչպես նշում է թերթը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականին, ամերիկացի առաջնորդը դեռ նախընտրում է սպասել Զելենսկու հետագա գործողություններին:
Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո կարող է արգելել ուկրաինական բանակին ԱՄՆ հետախուզական տվյալներ տրամադրել:
Պենտագոնի տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարարությունից մոտ 3,85 մլրդ դոլար է մնացել Ուկրաինայի ֆինանսավորման համար Կոնգրեսի կողմից լիազորված միջոցներից, գրում է պարբերականը։ Հակամարտության ողջ ընթացքում Պենտագոնը ավելի քան 34 մլրդ դոլարի ռազմական օգնության 72 խմբաքանակ է ուղարկել։
Թրամփի և Զելինսկու հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։