Բաժիններ՝

Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու

Հայաստանի ազգային  ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

Պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արմեն Խաչատրյանը: 

«Զինված ուժերի համալրման գործընթացում մարտական խնդիրներ կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի և համապատասխան անհրաժեշտ մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նման զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում այդ անձանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելիս՝ իրավունք վերապահել պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Զորամասերի ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով՝ կանոնակարգելով նաև ծառայության նշանակման պայմանները»,-ասաց պատգամավորը: 

Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարագայում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է:  Ըստ Խաչատրյանի՝ նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը:

«Օրենքների նախագծի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող  որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը»,-ասաց պատգամավորը: 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ կառավարությունն առարկություններ չունի: 

«Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի սահմանամերձ զորամասերում միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին»,-ասաց նախարարը:Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 88 կողմ ձայն: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա հոկտեմբերի 31-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս