Բաժիններ՝

Լիբանանի վարչապետն առաջիկա օրերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի հույս ունի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում հրադադարի նկատմամբ: Այս մասին նա հայտնել է լիբանանյան Al Jadeed հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և լավատես ենք, որ առաջիկա մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում մենք կհասնենք հրադադարի», – ասել է Միքաթին:

Լիբանանի վարչապետը նման հայտարարություն է արել Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնի հետ զրույցից հետո։Միքաթին հայտնել է, որ Հոխշտեյնն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ հնարավոր է՝ համաձայնություն ձեռք բերվի մինչև այս ամսվա վերջը կամ մինչև նոյեմբերի 5-ը, երբ ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 

CNN-ը հաղորդում է, որ Հոխշտեյնը և մերձավորարևելյան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բրեթ Մաքգուրքը հոկտեմբերի 31-ին կժամանեն Իսրայել՝ քննարկելու «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունները, Իրանի հետ դիմակայությունը, Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ճակատագիրը և տարածաշրջանային այլ հարցեր։

Ավելի վաղ իսրայելական Kan հեռուստաալիքը հաղորդել էր հրադադարի հնարավոր համաձայնագրի նախագծի մասին, որի համաձայն Իսրայելն առաջարկվող 60-օրյա հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում դուրս կբերի իր ուժերը Լիբանանից։ Բացի այդ, նախատեսվում է, որ լիբանանյան բանակը զորքեր կտեղակայի սահմանի երկայնքով և կբռնագրավի «Հեզբոլլահ»-ի զենքը Լիբանանի հարավում: Իր հերթին The Jerusalem Post-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԻՊԲ-ն չի լքի հարավային Լիբանանը, քանի դեռ ձեռք չի բերվել արդյունավետ և իրատեսական հրադադար։

«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդ Նայիմ Քասեմն էլ հայտարարել է, որ խմբավորումը կշարունակի պատերազմել Իսրայելի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեն առաջարկվել հրադադարի պայմաններ, որոնք խմբավորումն ընդունելի կհամարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս