Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։ Մեթոդիկայով 2020 թ.-ից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։

Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն՝ առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։ Այս մոտեցումը հնարավորություն է, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

Ըստ հանձնաժողովի, շահագործման և պահպանման ծախսերի «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածում զգալի մաս են կազմում նյութական ծախսերը: «Գազպրոմ Արմենիան» գազամատակարարման համակարգում նորոգման աշխատանքներն իրականացնում է ինչպես ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերի, այնպես էլ ներդրումային ծրագրերի շրջանակում՝ վերջինիս պարագայում դրանց փոխհատուցումը ստանալով սակագներում մաշվածության և շահույթի ներառման միջոցով։ Ուստի մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է, որ սակագնի հաշվարկներում նախատեսված նորոգման և նյութական ծախսերը ենթակա են պարտադիր կատարման 90 տոկոսի չափով (հաշվի առնելով 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին նախատեսված խնայողությունը), որը չապահովելու դեպքում սակագնով ստացված և չծախսված գումարները գործող մեթոդիկայի համաձայն դիտարկվում են որպես ներդրումների ֆինանսավորման աղբյուր։

Արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գազամատակարար ընկերությունը, հնարավորություն ունենալով ծախսերի կրճատման վերջնական թիրախին հասնել ավելի կարճ ժամկետում, պարտադիր կատարման 90 տոկոս շեմով պայմանավորված այդ խթանը չի ունենում։ Միևնույն ժամանակ, խթանիչ կարգավորման 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին մեթոդիկայով ամրագրված է նորոգման և նյութական ծախսերի՝ 1-ին հնգամյա ժամանակահատվածի արդյունքներով կրճատված մեծության նկատմամբ ևս 10 տոկոսով կրճատում, ինչի արդյունքում սկզբնական տարվա նկատմամբ ընդհանուր կրճատումը կկազմի 19 տոկոս: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմը և այն 90 տոկոսի փոխարեն ամրագրել 81 տոկոս։

Մեթոդիկայի 15-րդ կետով ամրագրվել է, որ 1-ին և 2-րդ հնգամյա ժամանակահատվածներում գազամատակարարման համակարգում ներդրումները կկազմեն մինչև 195 մլրդ դրամ, այդ թվում՝ 1-ին հնգամյա ժամկետում՝ մինչև 80 մլրդ դրամ։ Սակայն գազամատակարարման համակարգի կարիքներից ելնելով, որոշակի փոփոխություններ են իրականացվել հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում, որի արդյունքում 1-ին հնգամյա ժամկետում կկատարվեն ավելի շատ ներդրումներ»:

Տեսանյութեր

Լրահոս