
Չինաստանի երիտասարդ տիեզերագնացները հաջողությամբ հասել են ուղեծիր

Չինական տիեզերանավը երեք հոգուց բաղկացած անձնակազմով, որի կազմում է նաև երկրի առաջին կին տիեզերական ինժեները, շուրջ վեց ժամվա ուղևորությունից հետո հասել է տիեզերակայան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Անձնակազմը վեց ամիս կլինի հայրենական տիեզերակայանում, որտեղ փորձեր կիրականացնի և դուրս կգա բաց տիեզերք:
Պեկինը հայտարարել է, որ «Շենչժոու-19» տիեզերանավի արձակումը «լիովին հաջողված» է։ Այս առաքելության օդաչուն վետերան տիեզերագնաց է, որին ուղեկցում են տիեզերագնացների նոր սերնդի ներկայացուցիչները՝ ծնված 1990 թվականին։
Սա մեկն է այն 100 արձակումներից, որոնք Չինաստանը նախատեսել է տիեզերական հետազոտությունների առումով ռեկորդային այս տարում՝ փորձելով գերազանցել իր մրցակցին՝ ԱՄՆ-ին:
«Տյանգուն» տիեզերակայանում «Շենչժոու-19»-ի անձնակազմը հանդիպել է այնտեղ գտնվող երեք տիեզերագնացներին, որոնք Երկիր կվերադառնան նոյեմբերի 4-ին։
Չինաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցում տիեզերական ոլորտում։ Հունիսին այն դարձել էր առաջին երկիրը, որը Լուսնի հակառակ կողմից ապարների և հողի նմուշներ էր վերցրել ուսումնասիրության համար։