Ես միամիտ մարդ չեմ, այս լուրերը պատահական չեն. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ ինքն անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հակասություն չունի։

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին  արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ իրենից պետք չի վտանգ զգալ։

«Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է»,- ասաց նա։

ՔՊ-ականն ասաց, թե սեպ խրողների թիվը գնալով շատանում է։

Անդրանիկ Քոչարյանից լրագրողները նաև հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ՝ Հրաչ Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Քոչարյանը պնդեց, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից, երբ դիմել էր նրան Արագած ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի հետ կապված խնդրով.

«Զանգել եմ, ասել, որ սենց խնդիր կա, ինչ-որ չինովնիկ չի տալիս թույլտվությունը, որ 300 մետր հեռավորության վրա կարողանան միանալ և հոսքածերը տեղադրեն։ Ասեցի՝ հիմա այդ հարցը կկարգավորեն, ինձ թվաց՝ հարցը լուծված է»,-պատմեց Քոչարյանը և նշեց, որ մեկ ամիս հետո իրեն թվացել էր, որ միացված է, բայց պարզել էր, որ ոչ միայն միացված չի, այլև հակառակ որոշում են կայացրել, որ պետք է միանան Զովունի գյուղի ենթակայանին՝ 15 կմ հեռավարության վրա։

«Դա արդեն վերջն էր։ Հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Արմեն Խաչատրյանն այդ հարցն էր բարձրացրել, ասացի, որ խնդրում եմ անուն ազգանունով, երբ քաղաքապետարանի անունը տալուց հետո 15 րոպե հետո թույլտվությունը տրվեց, հիմա դա ինձ մտահոգո՞ւմ է, թե ոչ»,-ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. «Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»։

Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա։

Տեսանյութեր

Լրահոս