Նույնը անձը բարեկամի անունով հիմնում է 11-րդ ընկերություն և մասնակցում պետական գնումներին. Պետրոսյան

2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկել է 8 700 գնման ընթացակարգ, որից շուրջ 2 600-ը համարել է ռիսկային։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով պետական գնումների գործընթացին։

Նրա խոսքով` միայն 2024 թվականի ընթացքում պետական գնումների ընթացակարգերում ՊՎԾ հայտնաբերած խախտումներով ու չարաշահումներով 10–ից ավելի քրեական վարույթներ են հարուցվել։

Պետրոսյանը հիշեցրեց, որ հանրային, պետական գնումների վերահսկողությունը հիմա իրականացնում է միայն ՊՎԾ–ն, և քանի որ իրենց ծանրաբեռնվածությունն ավելացել է, պետական գնումների վարչությունում լրացուցիչ 10 հաստիք է ավելացել։

«Մենք արդեն նաև կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում։ Եթե պետական գնման գործընթացում պատվիրատուի կողմից մեկնարկած գործընթացում տեսնում ենք որոշակի ուղղորդված կամ կանխորոշում ենթադրող գործընթացներ, ապա անմիջապես այդ մասին տեղեկացնում ենք գերատեսչությունը և առաջարկում գործընթացը համապատասխանեցնել «Գնումների մասին» օրենքին»,– ասաց նա։

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ գնումների ռիսկայնությունը չափող որոշակի չափորոշիչներ են սահմանել, որոնցով երկու տարի շարունակ վերլուծել են մոտ 20 հազար հանրային գնման ընթացակարգ։

Մասնավորապես, ՊՎԾ կողմից վերհանվել են փոխկապակցվածության, «սև ցուցակներում» հայտնված ընկերությունների (որոնք 2–3 տարով իրավունք չունեն մասնակցելու գնման գործընթացներին), խտրական չափորոշիչներով գնման գործընթացներ իրականացնող պատվիարտուների դեպքեր:

Այս դեպքում, նրա խոսքով` ՊՎԾ–ն միջոցներ է ձեռնարկել չեղարկելու գործընթացը կամ իմպերատիվ առաջարկ է արել տվյալ գերատեսչությանը` գործող ընթացակարգերը համապատասխանեցնելու օրենսդրությանը, կամ էլ, անհրաժեշտության դեպքում, հաղորդում ներկայացրել ՀՀ դատախազություն։

«Ունենք դեպքեր, երբ 10–ից ավելի «սև ցուցակում» հայտնված իրավաբանական անձ հանդիսացող իրական շահառուն իր հետ փոխկապակցված 3–րդական մակարդակում բարեկամական կապեր ունեցող 11–րդ ընկերությունն է հիմնել ու նույն վատ վարքագծով մասնակցել գնումներին։ Այդ թվում, նա նաև հանցավոր համաձայնության է եկել ևս 2–3 ընկերության հետ ու նվազագույն գին առաջարկելով` պետական կապիտալ գնման տենդեր ձեռք բերել ու տվել ենթակապալառումներին»,– հայտարարեց Պետրոսյանը` առանց անուններ նշելու։

Բացահայտված հանցավոր այս փոխգործակցության արդյունքում, նրա խոսքով` մի ամբողջ պետական ծրագիր պարզապես տապալվել է, ու տվյալ գերատեսչությունը ստիպված է նորից նոր մրցույթ հայտարարել։

Տեսանյութեր

Լրահոս