
Բլինքենն ու Երմակը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հոկտեմբերի 29-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինային նվիրված ապագա խորհրդաժողովների անցկացումը։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են ռազմական և տնտեսական օգնությունը և շարունակական դիվանագիտական ջանքերն՝ ի աջակցություն Ուկրաինայի առաջիկա դիվանագիտական միջոցառումների, ներառյալ Ուկրաինայի խաղաղության բանաձևին աջակցող խորհրդաժողովների», – նշված է հաղորդագրության մեջ:
Բլինքենը վերահաստատել է կայուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը Ռուսաստանի դեմ պայքարի ընթացքում, ինչպես նաև արդար և տևական խաղաղությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: