Բաժիններ՝

ԱՄՆ-ն «սարսափեցնող» է անվանել Գազային իսրայելական հարվածը, որն 90-ից ավելի մարդու կյանք է խլել

ԱՄՆ-ն Գազայի հատվածի Բեյթ Լահիա բնակավայրին Իսրայելի հասցրած հարվածը, որն 90-ից ավելի մարդու կյանք է խլել, անվանել է «սարսափեցնող»։ Թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հոկտեմբերի 29-ին անցկացված ճեպազրույցի ժամանակ։

«Մենք խորապես մտահոգված ենք այս միջադեպի հետևանքով քաղաքացիական անձանց կորուստներով։ Սա սարսափելի միջադեպ էր՝ սարսափեցնող հետևանքով։ Ես չեմ կարող խոսել զոհերի հստակ թվի մասին, բայց ըստ հաղորդագրությունների՝ միջադեպի հետևանքով երկու տասնյակ երեխա է զոհվել…. Մենք կապվել ենք Իսրայելի կառավարության հետ՝ հարցնելու, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Մենք դեռ չգիտենք հիմքում ընկած հանգամանքները։ Կատարվածի վերաբերյալ նրանցից լիարժեք բացատրություն չենք ստացել», – ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Հոկտեմբերի 29-ին իսրայելական ուժերը ռմբակոծել են Բեյթ Լահիայում գտնվող 5-հարկանի շենքը, որտեղ ապաստանել էին անկլավի այլ վայրերից տեղահանված անձինք։ Ռմբակոծության հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն իր հերթին հայտարարել է, որ «ցնցված է» վերջին երեք ամսվա ընթացքում իսրայելական ամենամահացու հարվածից՝ կոչ անելով անհապաղ թափանցիկ հետաքննություն անցկացնել միջադեպի հանգամանքները պարզելու համար։ 

Reuters-ի փոխանցմամբ՝ Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Բեյթ Լահիայի ռմբակոծության հետևանքով վիրավորվածները չեն կարողացել բուժօգնություն ստանալ, քանի որ բժիշկներին ստիպել էին տարհանվել մոտակա հիվանդանոցից։ 

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ գերեվարվել։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս