«Միր» հ/ը վճարը մեր միջազգային պարտավորություններից է, այստեղ շատ խաղալու տեղ չունենք. Հարությունյան

Որքանո՞վ է արդյունավետ ռուսական «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության համար ՀՀ կառավարության կողմից տարեկան վճարվող գումարը։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

««Միր» միջպետական հեռուստառադիոընկերության մասնաբաժնի համար 257 մլն դրամի չափով տարեկան վճար ենք կատարում։ Այս ծախսի արդյունավետությունն եմ ուզում հասկանալ` որքանո՞վ է արդարացված նման ծախս ունենալ մեր բյուջեում` համադրելով, իհարկե, մեր պարտավորությունների հետ»,- հետաքրքրվեց Ջուլհակյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան նշեց, որ «Միր» հեռուստաընկերությունը ՀՀ իշխանությունների պարտավորությունների շրջանակում է։
«Հեռուստառադիոընկերության համար ՀՀ կառավարության կողմից տարեկան վճարը տրվում է դեռ 1990–ականներից սկսած։ Այստեղ մենք շատ խաղալու տեղ չունենք։ Բյուջեի վերջին քննարկումների ժամանակ, երբ մեր ապարատի ծախսերի կրճատումների մասին էինք խոսում, անդրադարձել ենք նաև «Միր»-ին։

Այս պահին մենք ուսումնասիրություն չունենք, սակայն պատրաստվում ենք քննարկումներ ունենալ` հասկանալու համար տրվող գումարը (որը փոքր չէ) արդյունավե՞տ է ծախսվում, թե՞ ոչ»,– նշեց Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը «Միր»-ի հետ կապված մի քանի տեղականք է ստացել գործընկեր գերատեսչություններից, դրանք հիմա քննարկվում են ու գնահատական կտրվի։

Տեսանյութեր

Լրահոս