Բաժիններ՝

Իսպանիայում հեղեղումները մի քանի մարդու կյանք են խլել

Իսպանիայի հարավում և արևելքում հորդառատ անձրևներն առաջացրել են հեղեղումներ՝ փակելով ճանապարհները, խաթարելով երկաթուղային հաղորդակցությունը։ Հեղեղումների հետևանքով կան զոհեր, որոնց հստակ թիվն իշխանությունները չեն հայտնում։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Հեղեղումներից տուժել են Ալբասետեի նահանգը և Վալենսիա ինքնավար համայնքը։ Կա վեց անհետ կորած, որոնց որոնումները շարունակվում են։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հեղեղներից տուժած շրջանների բնակիչներին կոչ է արել հետևել իշխանությունների հրահանգներին և խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից։

Հորդառատ տեղումների և ուժգին քամիների պատճառով 12 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վալենսիայի օդանավակայանում, ուղարկվել են Իսպանիայի այլ քաղաքներ։ Եվս 12 չվերթ չեղարկվել է։ Անդալուսիայի ինքնավար համայնքում 276 ուղևորի տեղափոխող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Անդալուսիայի Ալորա քաղաքում գետը դուրս է եկել ափերից։ Վալենսիայում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, իսկ Անդալուսիայի որոշ հատվածներում՝ վտանգի նարնջագույն մակարդակ։ Երկու մարզերում էլ հեղեղումների պատճառով փակվել են ճանապարհներ։ 

Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս