ՀՀ ՄՊՀ նախագահը Սեուլում կներկայացնի թվային տնտեսությունում արդար մրցակցային միջավայրի ստեղծման Հայաստանի փորձը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի նախագահի հրավերով մեկնել է Սեուլ՝ մասնակցելու Հարավարևելյան ասիական ազգերի ասոցիացիայի, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների և Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2-րդ գագաթնաժողովին:
ՀՀ ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակում քննարկվելու են մրցակցության օրենքի և քաղաքականության վերջին զարգացումները, շուկայի նորարարության և զարգացման, սպառողների բարեկեցության ապահովման նպատակով մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման, ինչպես նաև թվային տնտեսության և նորագույն տեխնոլոգիաների պայմաններում մրցակցային մարմինների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները։
Գեղամ Գևորգյանը ելույթ է ունենալու «Արագ զարգացող տնտեսությունում, ինչպիսիք են՝ թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը, արդար մրցակցային միջավայրի ստեղծման ուղիները» թեմայով հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի փորձը: