ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հյուսիսկորեական զորքերը տեղակայվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում
Հյուսիսային Կորեայի զորքերն, ըստ ՆԱՏՕ-ի տեղեկությունների, տեղակայվել են Ռուսաստանում և գործում են սահմանամերձ Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական զորքերն առաջ են գնացել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Հարավային Կորեայի հետախուզության և պաշտպանության պաշտոնյաների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կարող է հաստատել հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում։
ՆԱՏՕ-ի նորանշանակ ղեկավարն ասել է, որ տեղակայումն իրենից ներկայացնում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի «զգալի էսկալացում» և «վտանգավոր ընդլայնում»:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զինվորներ է ուղարկել Ռուսաստան։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվոր, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։ Մինչ այդ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն ՌԴ է ուղարկել 1500 հոգուց բաղկացած հատուկ ուժեր, և արտգործնախարարություն էր կանչել Ռուսաստանի դեսպանին՝ բողոք հայտնելով հյուսիսկորեական զորքերի՝ Ռուսաստան ուղարկման դեմ։ Այնուամենայնիվ, Ռյուտեի հայտարարությունը Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման մասին ՆԱՏՕ-ի կողմից նման տեղեկությունների առաջին պաշտոնական հաստատումն է։
Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան արդեն միլիոնավոր արկեր ու բալիստիկ հրթիռներ է ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Դրա դիմաց, ըստ Մարկ Ռյուտեի, Վլադիմիր Պուտինը համաձայնել է ուղարկել ռազմական տեխնոլոգիաներ և այլ աջակցություն՝ օգնելու Հյուսիսային Կորեային խուսափել միջազգային պատժամիջոցներից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս գործընկերությունը «խաթարում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»: