
Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո

Իրանին իսրայելական հարվածից հետո երկիրը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու քաղաքականությանը։
Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ է և մնում է անփոփոխ. հիմնվելով մեր երկրի բարձրագույն կրոնաքաղաքական իշխանության ֆեթվայի (խմբ.՝ հոգևոր բարձրագույն անձի վճիռ) և ողջախոհության վրա՝ մենք չենք պատրաստվում մեր միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական հուն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
2003 թվականից Իրանում գործում է գերագույն առաջնորդի ֆեթվան այն մասին, որ միջուկային զենքի արտադրությունն արգելված է, քանի որ հակասում է իսլամին։Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների:
Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։