
Իսրայելի ՊՆ-ն 500 միլիոն դոլարի հակաօդային պաշտպանության լազերային կայանքներ է պատվիրել

Իսրայելի պաշտպանության նախարարությունը 500 մլն դոլարի պայմանագրեր է ստորագրել Iron Beam հակաօդային պաշտպանության լազերային համակարգերի մատակարարման շուրջ: Այսս մասին հաղորդել է Ynet լրատվական հարթակը։
«Այս գործարքը նշանավորում է նոր դարաշրջան՝ պաշտպանության լազերային համակարգի դարաշրջան», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը:
Նա պարզաբանել է, որ հակաօդային պաշտպանության լազերային համակարգերի առաջին ցամաքային կայանքները շահագործման կհանձնվեն 2025 թ. ընթացքում։
Այս զենքի մատակարարումների վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել Զենքի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների հետազոտությունների, զարգացման վարչության (Իսրայելի պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի միացյալ մարմինը) և Rafael Advanced Defense Systems ու Elbit Systems պաշտպանական ընկերությունների միջև:
Iron Beam-ը նախատեսված է օդային տարբեր թիրախների դեմ պայքարելու համար, ներառյալ ռեակտիվ և ականանետային արկերը, անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները: Այս կայանքները պետք է դառնան Իսրայելի բազմամակարդակ պաշտպանության մի մասը և լրացնեն «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
Rafael-ի գործադիր տնօրեն Յոավ Տուրգեմանը հիշեցրել է, որ այս մշակումների համար պահանջվել է մի քանի տարի, և որ նման լազերային կայանքները, որոնք այժմ պատրաստ են տեղակայման, իրենց տեսակով առաջինն են ամբողջ աշխարհում