Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվել են նաև Իրանի դեմ. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք օրեր առաջ դրսևորվել են նաև ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության: Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ 

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խախտմանն ուղղված գործունեությունը, որն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով», – գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները։ Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ «Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

Տեսանյութեր

Լրահոս