
էկրանի առաջ երկար անցկացնելը երեխաների մոտ կարող է զարգացնել տեսողական լուրջ խնդիրներ, նաև շլություն

Վերջին տարիներին տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարբեր տեսակի գաջեթները բավականին հասանելի են դարձել երեխաներին, շատերը կարող են ժամեր շարունակ հեռախոսներով, պլանշետներով մուլտեր և տարբեր հոլովակներ դիտել, ինչն, ըստ մասնագետների՝ չի կարող բացասական հետք չթողնել երեխայի զարգացման և տեսողության վրա:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում թիվ 1 ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ, ԵՊԲՀ մանկական ակնաբանության ամբիոնի դոցենտ Անի Սարգսյանի հետ զրուցել ենք երեխաների տեսողության վրա տարբեր տեսակի գաջեթների ազդեցության, հետևանքների և կանխարգելման դեմ ուղղված քայլերի:
Բժշկուհու խոսքով՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերջին տարիներին դիմելիության բարձրացման, բժշկական սարքավորումների արդիականացման և տարբեր սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ:
Սակայն, ըստ նրա՝ այսօր ամենամեծ խնդիրը երեխաների՝ երկար ժամանակ էկրանների առջև նստելն է:
«Բոլորս էլ գիտենք, որ գաջեթների օգտագործումից լիովին խուսափել հնարավոր չէ, որովհետև ինֆորմացիայի հիմնական մասը դպրոցահասակ երեխաներն արդեն ստանում են ինտերնետի միջոցով, սակայն ցանկալի է պահպանել որոշակի կանոններ, որպեսզի խուսափեն լուրջ ակնային ախտահարումներից:
Ինչ վերաբերում է ավելի փոքր տարիքի երեխաներին, ապա, երբ դեռևս զարգացած չէ խոսքը և երեխան գտնվում է ընդհանուր զարգացման փուլում՝ մինչև 6-7 տարեկան, պետք է նրան հեռու պահել ցանկացած տիպի գաջեթներից: Շատ ծնողներ, իրենց գործը թեթևացնելու համար, երեխայի կերակրումից սկսած և առհասարակ ամբողջ զբաղեցնելու պրոցեսն իրականացնում են տարբեր գաջեթների օգնությամբ՝ առանց գիտակցելու հետևանքները: Երկար ժամանակ էկրանների առջև նստելը երեխաների մոտ կարող է տարբեր տեսողական խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչև շլություն»,- ասաց մասնագետը: