
Լիտվայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը չորս տարի ընդդիմություն էր, հաղթել է հերթական խորհրդարանական ընտրություններում և դարձել առաջատար քաղաքական ուժը, որը կձևավորի իշխող կոալիցիա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիտվայի Գլխավոր ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Կոալիցիան անխուսափելի է, քանի որ Սեյմի (խորհրդարանի) ընտրություններում առաջատար քաղաքական կուսակցություններից և ոչ մեկը չի հավաքել իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ քանակով ձայներ։
Իշխող կոալիցիա են մտադիր ստեղծել սոցիալ-դեմոկրատները, ինչպես նաև «Դեմոկրատներ հանուն Լիտվայի» և «Լիտվայի գյուղացիների և «կանաչների» միություն» կուսակցությունները։ Սոցիալ-դեմոկրատները 141-տեղանոց Սեյմում ստացել են 52 մանդատ։ «Դեմոկրատներ հանուն Լիտվայի» կուսակցությունն ունի 14 մանդատ, «կանաչների» կուսակցությունը՝ 8։
Լիտվայի Սեյմը, որն ունի 141 մանդատ, ընտրվում է ընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ խառը համակարգով. 71 պատգամավոր ընտրվում է միամանդատ ընտրատարածքներում մեծամասնական համակարգով, 70-ը՝ բազմամանդատ ընտրատարածքներում՝ կուսակցական ցուցակներով։ Հոկտեմբերի 27-ին կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: