
Ուզբեկստանի իշխող կուսակցությունն ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը

Ուզբեկստանի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է ամենաշատ թվով ձայները։ Քվեարկության արդյունքներով՝ ընտրություններին մասնակցած բոլոր հինգ կուսակցություններն էլ անցնում են Ուզբեկստանի խորհրդարան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը։
«Ըստ կուսակցական ցուցակների՝ նախնական արդյունքներն այսպիսին են՝ Ձեռնարկատերերի և գործարարների շարժում – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն՝ ձայների 34,75%-ը, Ուզբեկստանի դեմոկրատական «Միլլի Տիկլանիշ» («Ազգային վերածնունդ») կուսակցություն՝ 18,82%, Ուզբեկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն «Ադոլաթ» («Արդարություն»)՝ 16,2%, Ուզբեկստանի Ժողովրդական-դեմոկրատական կուսակցություն՝ 13,12%, Ուզբեկստանի Էկոլոգիական կուսակցություն՝ 13%», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Այնուհետև Ուզբեկստանի ԿԸՀ նախագահը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով տրված ձայների հաշվարկի արդյունքները։ «Արդյունքների գումարման համաձայն՝ Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ստանում է ձայների 42,7%-ը և խորհրդարանում 64 մանդատ»,- եզրափակել է Նիզամխոջաևը:
Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատն ունի 150 տեղ։