Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը և Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել ընտրախախտումները

Եվրահանձնաժողովը և Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումները, բացահայտել և վերացնել դրանք: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի և Բորելի համատեղ հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող զարգացումներին, և Վրաստանի ժողովուրդը վերջին ամիսներին ցույց է տվել իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և երկրի ուղուն դեպի ԵՄ։

Հայտարարության տեքստը վերաբերում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գլխավորած ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքներին:

«Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, ընթացակարգային առումով լավ կազմակերպված էր և կարգին է անցել, բայց նշանավորվել է լարվածությամբ՝ քվեարկության գաղտնիության վերաբերյալ հաճախակի փոխզիջումներով և մի շարք ընթացակարգային անհամապատասխանություններով, ինչպես նաև ընտրողների ահաբեկման և ճնշման մասին հաղորդումներով, որոնք բացասաբար են ազդել գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա», -ասվում է հայտարարությունում։

Եվրահանձնաժողովը և Բորելը հիշեցրել են, որ ընտրությունների դիտորդները զեկուցել են անհավասար մրցակցային դաշտի, բևեռացված մթնոլորտում քարոզարշավի անցկացման և ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու ընտրախախտումները և մեղադրանքները: Այդ խախտումները պետք է բացահայտվեն և շտկվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն անհամբեր սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և առաջարկություններին, որոնք պետք է իրականացվեն հնարավորինս արագ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս