ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կոչ են արել հետաքննել ընտրական խախտումները Վրաստանում

ԱՄՆ եւ Եվրամիության իշխանությունները կոչ են արել հետաքննել բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր հայտարարությունում նշել է, որ միջազգային եւ տեղի դիտորդները «ազատ եւ արդար չեն ճանաչել ընտրությունները»։

«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները եւ միանում միջազգային եւ տեղի դիտորդների կոչերին՝ իրականացնելու հետաքննություն»,- ասել է Բլինքենը։

Եվրամիության արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը մեջբերել է դեմոկրատական ինստիտուների եւ մարդու իրավունքների բյուրոյի եզրակացությունը։ Բյուրոյի կարծիքով՝ «ընտրությունների օրը… բնութագրվել է լարված իրավիճակով, քվեարկության գաղտնիքի հաճախակի խախտումներով եւ մի շարք անհամապատասխանություններով, ինչպես նաեւ ընտրողներին վախեցնելու եւ պարտադրելու մասին տեղեկություններով»։

«Բացի այդ, դիտորդները նշել են անհավասար պայմանների, բեւեռացված միջավայրի եւ ընտրական գործընթացի վրա օրենսդրական վերջին փոփոխությունների ազդեցության մասին»,- ասել է Բորելը։

Նա Վրաստանի ԿԸՀ-ին եւ իշխանության այլ մարմինների կոչ է արել «կատարել իրենց պարտքը եւ ապահովել օպերատիվ, թափանցիկ եւ անկախ հետաքննություն եւ որոշում կայացնել ընտրական խախտումների հետ կապված»։ «Այդ խախտումները պետք է պարզաբանել եւ վերացնել։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի հանդեպ վստահության վերականգնման առումով»,- հայտնել է Բորելը։

Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն անվանում են «ռուսամետ» քաղաքական ուժ։ ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ կուսակցությունն ստացել է 53,93 տոկոս ձայն։ Խորհրդարան են անցել նաեւ չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք արեւմտամետ են։ Ընդդիմությունը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները։ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքի եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են մանդատներից։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները, նա բողոքի կոչեր է արել։

Տեսանյութեր

Լրահոս