Բլինքենը մեկնել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահվանից հետո հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ մեկնարկելով հերթական մերձավորարևելյան շրջագայությունը, որի նպատակն է վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները և քննարկել անկլավի ապագան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի վերջին այցը, որը տասնմեկերորդն է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի է ունենում Գազայի հատվածում իսրայելական ինտենսիվ հարվածների, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների ֆոնին։
Բլինքենի այցը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում նա կայցելի նաև Հորդանան և Կատար։ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Գազայի հարցում Բլինքենը կկենտրոնանա պատերազմն ավարտելու քննարկումների, անկլավում հումանիտար օգնության մատակարարումը բարելավելու և պատերազմի ավարտից հետո Գազայում կառավարման հարցերի վրա։
Օրեր առաջ Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտոնյաներին նամակ էին հղել՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, այլապես ամերիկյան ռազմական օգնությունը կարող է սահմանափակվել։
ԱՄՆ պետքարտուղարը նաև Իսրայելի և մյուս երկրների հետ կքննարկի «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը, ինչպես նաև Իսրայելի ակնկալվող պատասխանը Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակմանը։